Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հակահայկական ռազմաքաղաքական միավորումներ ձևավորելու փորձերը

Հակահայկական ռազմաքաղաքական միավորումներ ձևավորելու փորձերը
21.11.2008 | 00:00

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանը երբեք չի ենթադրել, որ ընդունակ է մեն-մենակ իրականացնելու հաղթական ռազմական ագրեսիա Հայաստանի դեմ։ Ըստ այդմ, Բաքվում միշտ հույս են ունեցել ձևավորել որոշակի դաշինք, երբ մի շարք պետություններ հետաքրքրված կլինեն Հայաստանի շրջափակումով՝ նրան լուրջ նյութական վնասներ հասցնելով և վերջնահաշվում պարտության մատնելով։ Այս գաղափարն Ադրբեջանում ծնունդ առավ ղարաբաղյան հակամարտության բռնկումից անմիջապես հետո։ Հետաքրքրական է և այն, որ առաջին պետությունը, որն Ադրբեջանը դիտարկում էր իբրև հնարավոր գործընկեր Հայաստանին պարտության մատնելու գործում, Ռուսաստանն էր։
Ադրբեջանի համար հակահայկական համագործակցությունը Ռուսաստանի հետ համարվում էր ճիշտ ռազմավարություն, և այն իր արդյունքները տվեց 1988-92 թվականներին, երբ ռուսական զինված ուժերը երկու անգամ հանդես եկան Ադրբեջանի կողմից։ Որքան էլ տարօրինակ է, Ադրբեջանում դա չեն մոռացել և շարունակում են որոշակի հույսեր փայփայել, որ Ռուսաստանը, պատմական ու աշխարհաքաղաքական հեռանկարից ելնելով, կկատարի «սթափ ընտրություն»։ Ադրբեջանական քաղաքական շրջանակներում տարիներ շարունակ շատ իրատեսական են համարել, որ Հարավային Կովկասի հետ կապված` Ռուսաստանի քաղաքականությունը ժամանակավոր է, իսկ Ադրբեջանի տնտեսական ու ռազմական հզորացումն աստիճանաբար կբերի ռուսական դիրքորոշման փոփոխության, երբ Մոսկվան առնվազն չի պաշտպանի Հայաստանին։
Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի ձգտումները ՆԱՏՕ և Եվրամիություն ինտեգրացվելու ուղղությամբ, սերտ համագործակցությունն ԱՄՆ-ի հետ, այդ թվում՝ ՎՈՒԱՄ կազմակերպության ձևավորման ուղղությամբ, պայմանավորված են եղել նաև Ռուսաստանը վերակողմնորոշելու և նրան` Հայաստանին աջակցելու քաղաքականությունից հետ կանգնեցնելու ցանկությամբ։ Ադրբեջանական այս քաղաքականությունը որոշակիորեն մշակել է նախկին նախագահ Հեյդար Ալիևը և հիմա իրագործվում է Իլհամ Ալիևի ջանքերով։ Բացառությամբ մի քանի համեմատաբար ազդեցիկ կուսակցությունների, որոնք Ադրբեջանում թուրքական ու բրիտանական շահերի լոբբիստների դեր են կատարում, հասարակության մնացած հատվածն աջակցում է այս քաղաքականությանը՝ ելնելով տարբեր խավերի ինտելեկտուալ կարողություններից և սոցիալական կարգավիճակից։ Ադրբեջանում հասկանում են, որ առանց Հայաստանի դեմ որոշակի պետությունների հետ դաշինք ձևավորելու հնարավոր չի լինի նրան վճռական պարտության մատնել, և փորձում են տարածաշրջանում ու Արևելյան Եվրոպայում գտնել այդ առումով հետաքրքրված պետությունների։ Հարկ է նշել, որ սա բարդ խնդիր է և առայժմ անլուծելի, բայց միայն ներկայիս միջազգային քաղաքական պայմաններում։ Պատմական այս փուլում տարածաշրջանային հակադրությունը դեռ չի հասել իր բարձրակետին։ Կան ակտիվ դինամիկ գործընթացներ, սակայն արմատական աշխարհաքաղաքական փոփոխությունները տեղի են ունենում շատ դանդաղ։ Դրա հետևանքն է այն, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն սպասված ակտիվությամբ չեն մասնակցում տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, արդյունքում հաջողվում է պահպանել ռազմական հավասարակշռությունը, ինչը դարձել է մշտական քաղաքական բաղադրիչ տարածաշրջանում, թեկուզ և հակադրությունն այդ դաշտում գնալով աճում է։
Միաժամանակ Հարավային Կովկասն ավելի ու ավելի է ներքաշվում նոր աշխարհատնտեսական և ռազմաքաղաքական դաշինքների մեջ, ինչը դառնալու է տարածաշրջանային զարգացումների գլխավոր բնութագրական հանգամանքը հեռանկարում։ Լարվածության աճին զուգահեռ աճելու է նաև տարբեր, առաջին հայացքից անհավանական դաշինքների ձևավորման հնարավորությունը, թեպետ տարածաշրջանի միջին և փոքր պետությունները դրանում կարծես այդքան շահագրգիռ չեն։ Եթե նախկինում ԱՄՆ-ն աշխատում էր թույլ չտալ «Մեծ Մերձավոր Արևելքում» դաշինքների ձևավորումը և մտահոգվում էր, որ դա կարող է մեծացնել անկառավարելիությունը, ապա այժմ չի բացառում Իսրայել-Թուրքիա դաշինքի խրախուսումը, ինչպես նաև Հորդանանի, Ադրբեջանի ու Վրաստանի ներառումը դրա մեջ։ Կային սպասելիքներ, որ Իրաքի դեմ ԱՄՆ-ի ձեռնարկած գործողությունը կարող է հանգեցնել անսպասելի հետևանքների և ճանապարհ բացել Իրան-Իրաք-Սիրիա հզոր դաշինքի ստեղծման համար՝ Հունաստանի և մի շարք այլ պետությունների հնարավոր համագործակցությամբ։ Սակայն, այնուհանդերձ, Վաշինգտոնը նախընտրում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանումը։ Այդ համատեքստում Թուրքիայի պատրաստակամությունը՝ կրկնելու իր ռազմավարական թռիչքը դեպի Կենտրոնական Ասիա, կրկին կմատնվի անհաջողության, ինչն արդեն իսկ հանգեցրել է ԱՄՆ-ի քաղաքականության մեջ որոշակի վերանայումների։ 1999-ից սկսած՝ ԱՄՆ-ի քաղաքականությունն ուղղված է Կենտրոնական Ասիայում դիրքերի նվաճմանը։ Միաժամանակ Վաշինգտոնը մտադիր չէ ընդգրկվել լրացուցիչ տարածաշրջանային խնդիրների լուծման մեջ և դրանով իսկ նոր թշնամիներ վաստակել։ Ճիշտ հակառակը. ԱՄՆ-ը ձգտելու է կարգավորել հարաբերություններն Իրանի հետ և այդ ճանապարհով նվազեցնել Թուրքիայի ռազմավարական նշանակությունն ու դերը տարածաշրջանում։ Մեծ Բրիտանիան իր հերթին Իրանը դիտարկում է իբրև անչափ կարևոր «պլացդարմ» իր տնտեսական ու քաղաքական ազդեցությունն Առաջավոր Ասիայի տարածաշրջանում լայն իմաստով տարածելու համար։ Այդ համատեքստում խիստ կասկածելի է, որ բրիտանական քաղաքականությունը հնարավոր է համարում Իրանի դեմ ռազմական գործողությունների սկսումը։ Այս քաղաքական առաջնահերթություններն ու Վաշինգտոնի և Լոնդոնի տակտիկական նախաձեռնությունները միաժամանակ և՛ նպաստում, և՛ հակասում են Հարավային Կովկասում կայուն անվտանգության հաստատմանը։
Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև գործընկերային հարաբերությունների հաստատումը շատ կողմերով պայմանավորված կլինի ռուս-ամերիկյան նոր հարաբերությունների բովանդակությամբ։ ԱՄՆ-ի խոշոր ներդրումային և նավթային ընկերությունները, ինչպես նաև ռազմարդյունաբերական համալիրի շահերն արտահայտող շրջանակներն ինչ-որ տեղ շահագրգիռ են ռուս-ամերիկյան հարաբերությունների վերագնահատմամբ։ Դրանով հետաքրքրված են նաև այնպիսի պետություններ, ինչպիսին նույն Մեծ Բրիտանիան է։ Սակայն Թուրքիան ակնհայտորեն հետաքրքրված չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ և շարունակում է հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերությունները դիտարկել իբրև իր անվտանգության սպառնալիք։ Հայկական գործոնը տարածաշրջանում տրանսֆորմացվել է այնքան, որ Հայաստանն ինքը դիտարկվում է իբրև կարևոր գործոն տարածաշրջանում։ Սակայն «Մեծ Մերձավոր Արևելքում» լարվածության աճը Հայաստանի առջև նոր մարտահրավերներ է առաջադրում, և նա ստիպված է լինելու ապացուցել տարածաշրջանային քաղաքականության սուբյեկտ լինելու իր իրավունքը, սակայն ոչ թե զուտ Հարավային Կովկասի, այլ՝ ավելի լայն իմաստով։ Ստեղծված իրավիճակը տարածաշրջանում բազմաթիվ պատրանքներ է ստեղծել քաղաքական էլիտաների համար, սակայն դրանք վաղ թե ուշ կցրվեն, և կստեղծվի մի իրավիճակ, երբ ուղղակիորեն հարկ կլինի ճանաչել ոչ միայն մարդու, այլև ազգերի ազատ ապրելու իրավունքը։
Հարավային Կովկասի քաղաքական էլիտաները տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորումը կապում են իրենց պետությունների տարբեր քաղաքական, տնտեսական և ռազմաքաղաքական միավորումներին անդամակցելու հետ։ Դա բացատրելի է, որովհետև տարածաշրջանի բոլոր պետությունները սահմանակից են այլ խոշոր երկրների, որոնք զգալիորեն գերազանցում են նրանց իրենց ռազմատնտեսական ներուժով։ Լավ հայտնի են ինչպես հայ-թուրքական և ռուս-վրացական, այնպես էլ ադրբեջանա-իրանական, վրաց-աբխազական հակասությունները։ Բավականին բարդ է խոշոր տերությունների քաղաքական և ռազմական համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների հետ, քանի որ այստեղ քաղաքական ու տնտեսական կայունացման գործընթացները դեռևս չեն ավարտվել, չլուծված են մնում հակամարտությունները։ Միաժամանակ Հարավային Կովկասի երկրների քաղաքական ու տնտեսական ինտեգրացիան այլ դաշտ առնվազն մինչև վերջերս վտանգավոր չէր համարվում Ռուսաստանի ու Իրանի համար, չնայած այն իրողությանը, որ նրանք չունեին ժամանակային և քաղաքական ռեսուրսներ` տարածաշրջանում իրենց ազդեցությունն ընդլայնելու համար՝ ԱՄՆ-ի ու արևմտյան հանրության համակարգային ճնշման ու ներթափանցման պայմաններում։
Այժմ իրավիճակը փոխվել է։ Արևմուտքում, ինչպես նախկինում, հասկանում են, որ հնարավոր չէ միաժամանակյա ինտեգրացիա Հարավային Կովկասի երեք պետությունների հետ բոլոր ուղղություններով, հատկապես դեպի ՆԱՏՕ և եվրոպական կառույցներ։ Այսօր, ինչպես և նախկինում, Վրաստանը դիտվում է իբրև ամենաքիչ խնդիրներ ունեցող երկիրն այս ճանապարհին։ Սակայն, ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ Եվրամիության երկրները նպատակ չունեն Հարավային Կովկասի երկրները տեսանելի հեռանկարում դարձնել ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ։ ԱՄՆ-ի համար այս հարցում կարևոր սահմանափակում է եվրոպական դիրքորոշումը, քանի որ Եվրամիությունը ձգտում է Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի հետ հաստատել հնարավորինս նվազագույն աստիճանի հարաբերություններ։ Այդ իսկ պատճառով նույնիսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սխեֆերը, չնայած հայտարարություններին, ամեն դեպքում խիստ անվստահությամբ է վերաբերվում Վրաստանի՝ դաշինքին անդամագրվելու հեռանկարին։
Այս պայմաններում ԱՄՆ-ը ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Կենտրոնական Ասիայում և առհասարակ Մերձավոր Արևելքում մտադրված է վարելու ԵԱՀԿ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներից դուրս քաղաքականություն։ Կանխատեսելով Ատլանտյան ընկերակցության ներսում հնարավոր տարաձայնությունները՝ Վաշինգտոնը վերջին տասը տարիների ընթացքում երբևէ պատրանքներ չի ունեցել այն կապակցությամբ, թե ՄԱԿ-ը կամ ԵԱՀԿ-ն ընդունակ կլինեն լուծելու հարավկովկասյան հակամարտությունները։ Այդ իսկ պատճառով բոլոր վերջին տարիներին ԱՄՆ-ն անում է ամեն ինչ՝ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի նշանակությունը նվազեցնելու համար, որովհետև այդ կառույցները խանգարում են Վաշինգտոնին արդյունավետ որոշումներ ընդունել գլոբալ ու տարածաշրջանային հարցերի վերաբերյալ։ Դա իր արտահայտությունն է ունեցել ինչպես Կոսովոյում, այնպես էլ, ժամանակ առ ժամանակ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Հասել է ժամանակը ազատելու ԱՄՆ-ի քաղաքականությունը ՆԱՏՕ-ի «հովանավորությունից», ինչն իր դրսևորումն ունեցավ Աֆղանստան և Իրաք ամերիկյան ներխուժման ժամանակ։ ՆԱՏՕ-ԱՄՆ հակասությունների հիմնական պատճառն այն է, որ դաշինքում որոշումները կայացվում են կոնսենսուսային հիմքի վրա, ինչը հնարավորություն է տալիս այս կամ այն երկրին վետո կիրառելու։ Միաժամանակ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի որոշ երկրների ՆԱՏՕ ընդգրկման փորձը ցույց տվեց, որ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ում ստացավ մի քանի այնքան «հուսալի» դաշնակիցներ, որոնց հուսալիությունը մշտապես կախված է ցուցաբերվող տնտեսական աջակցությունից։ Դրա հետևանքով Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի կազմ ընդգրկումն ԱՄՆ-ին առայսօր չի հաջողվել, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի անդամակցությունը հեռանկարում նույնպես խիստ կասկածելի է։ Այդ իսկ պատճառով Վաշինգտոնն աշխատում է տարածաշրջանի երկրներն իր առանձին ռազմաքաղաքական ծրագրերի մեջ ներգրավելու ուղղությամբ։
Այս իրողությունից ելնելով է, որ ԱՄՆ-ը չի կարող թույլ տալ ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ այլ տարածաշրջաններում ոչ համակարգային դաշինքների ձևավորումը, առավել ևս այնպիսի, որոնք կարող են դառնալ անվերահսկելի։ Հարավային Կովկասում, ռազմաքաղաքական առումով, հեռանկարում կարող են գոյություն ունենալ կամ վերահսկելի միջպետական միավորումներ, կամ ընդհանրապես գոյություն չպետք է ունենան։ Տարածաշրջանի պետությունները չեն կարող դրսևորել լիարժեք ինքնուրույնություն արտաքին քաղաքական իրենց ձգտումներում և նպատակներում։ Այդ իսկ պատճառով Ադրբեջանի կողմից պետությունների հակահայկական կամ գոնե ինչ-որ մասով Հայաստանի դեմ ուղղված դաշինք ձևավորելու փորձերն առայժմ հաջողության չեն հանգել։ Անգամ ՎՈՒԱՄ-ը չդարձավ այդպիսին, որովհետև այնտեղ ընդգրկված պետությունները շատ լավ հասկացել են, որ Բաքվի նվագի տակ պարելու և Հայաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունք դրսևորելու դեպքում իրենք անուղղելի քաղաքական կորուստներ կկրեն։ Ըստ այդմ, Ադրբեջանի գլխավոր գործընկերն ու հույսը տարածաշրջանում մնում է Թուրքիան, որի հետ էլ Բաքուն կապում է Հայաստանին իր ցանկալի պայմանները պարտադրելու հույսերը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3965

Մեկնաբանություններ